Իրանն ակտիվացնում է Հայաստանի հետ հարաբերությունները՝ ելնելով տնտեսական նկատառումներից՝ «Al Monitor»-ում հրապարակված հոդվածում գրել է իրանցի լրագրող Ալիռեզա Ռամեզանին: Նա հիշեցրել է, որ սեպտեմբերի 14-ին միջուկային ծրագրի շուրջ համաձայնագրի ստորագրումից հետո Թեհրանն օգտվեց իր դեմ սահմանված պատժամիջոցները թեթևացնելու հնարավորությունից, որ առաջին փոխնախագահ Էսհաք Ջահանգիրիին ուղարկի Հայաստան՝ երկկողմ տնտեսական հարաբերություններն ընդլայնելու համար: «Ըստ Ջահանգիրիի՝ իրանցի ամենից ազդեցիկ պաշտոնատար անձի, որը Երևան է այցելում 2011-ից, Հայաստանը ԵԱՏՄ միակ պետությունն է, որն Իրանի հետ սահման ունի և կարող է «իրանական ապրանքների համար դարպաս դառնալ»՝ դեպի Եվրասիայի և Եվրոպայի 5-միլիարդանոց շուկա: Իրանն ու Հայաստանն արդեն համաձայնագրեր են ստորագրել, որոնք տարիներ շարունակ պահպանում են երկու երկրների սերտ հարաբերությունները: Օրինակ՝ Հայաստանն Իրանին գազի դիմաց էլեկտրականությամբ է ապահովում»,- նշված է Ռամեզանիի հոդվածում: Գործարքը կշարունակվի ևս 15 տարի: «Ադրբեջանի և Թուրքիայի հետ Հայաստանի քաղաքական վեճերը Վրաստանին և Իրանին դարձրել են երկրի էներգետիկ կարիքները բավարարելու լավագույն տարբերակը»,- ընդգծել է լրագրողը: